ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաներին առևանգելու լուրերի մասին։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ դպրոցների մոտ երեխաների առևանգման մասին ահազանգեր չի ստացել։
«Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։ Նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ հայտնել են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն են ստացել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- եզրափակել են ՆԳՆ-ում։