Թուրքիայի հետ կապված կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը չի հրապարակել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հայտարարությունը՝ Թուրքիային չվնասելու համար, հայտնում է AP-ն՝ հղում անելով մեղադրական եզրակացությանը։
57 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Ադամսը մեղադրվում է Թուրքիայի հետ կապված մարդկանց հետ երկար տարիների հարաբերություններն օգտագործելու մեջ, ովքեր ֆինանսավորել են նրա ճանապարհորդությունը և նպաստել քաղաքապետի պաշտոնի համար նվիրատվություն հավաքելուն։ ԱՄՆ-ում քաղաքացիություն չունեցող անձանց արգելվում է քաղաքական թեկնածուների օգտին նվիրատվություն կատարել։
Ըստ մեղադրանքի՝ Ադամսը ուղևորություններ է կատարել դեպի Ֆրանսիա, Չինաստան, Շրի Լանկա, Հնդկաստան, Հունգարիա, Գանա և Թուրքիա, որոնք մասամբ կամ ամբողջությամբ վճարվել են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկացել են «գնել նրա ազդեցությունը քաղաքային կառավարությունում»:
Նվերները, ըստ դատախազների, ներառում էին անվճար հյուրանոցային համարներ, թանկարժեք ուտելիք, զվարճանքներ, անգամ թուրքական բաղնիք այցելություն: Ընդհանուր առմամբ՝ ծախսերը կազմել են ավելի քան 100,000 դոլար:
Նշվում է, որ գործում ներգրավված է թուրքական դիվանագիտական հաստատության բարձրաստիճան պաշտոնյա, որը կազմակերպել է Ադամսի ճամփորդությունները և նպաստել նվիրատվություններին։ Ներգրավված է նաև թուրք գործարար, ով դատախազների խոսքով՝ կազմակերպել է միջոցառումներ՝ Ադամսին թուրք գործարարների հետ ծանոթացնելու համար։ Այս ամենի հետ կապ ունի նաև Նյու Յորքում գտնվող Turkish Airlines-ի գլխավոր մենեջերը, ով պատվիրել է քաղաքապետի անվճար և մեծ զեղչերով թռիչքները բիզնես դասով:
Մեղադրվողների մեջ է թուրքական համալսարանի սեփականատերը, ով, դատախազների կարծիքով, դիտարկում էր Բրուքլինում բիզնես բացելու հնարավորությունը, «գործարարուհին», ով Ադամսին անվճար կամ մեծ զեղչերով կացարաններ է տվել նրան պատկանող շքեղ հյուրանոցում, «Գործարար-2», «Գործարար-3», «Գործարար-4» և «Գործարար-5», որոնք մեղադրվում են ապօրինի նվիրատվություններում ներգրավված լինելու մեջ:
Ադամսը պնդում է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել և չի պատրաստվում հրաժարական տալ: