Սեպտեմբերի 24-ին Երևանում 3 ավտոմեքենա հրկիզած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բնակչուհին հաղորդում էր տվել այն մասին, որ նշված հասցեի բակային հատվածում իրեն պատկանող Honda Kona մակնիշի և հարևանությամբ կայանված Opel և BMW մակնիշի ավտոմեքենաներն այրվում են:
«ՔԿ-ն պարզել է, որ դեպքի օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, երիտասարդն իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել է Honda Kona-ի վրա և հրկիզել այն, որի հետևանքով այդտեղ կայանված այլ անձանց պատկանող Opel և BMW X6 մեքենաները նույնպես այրվել են։ Երիտասարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ արարքը կատարել է սոցիալական ցանցում այլ անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (հրկիզման եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով)։