Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Որոշեցի միանալ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- գրել է Մինասյանը։
Միևնույն ժամանակ՝ նա շնորհակալություն է հայտնել իրեն «աջակցած մյուս պատգամավորներին, մեծագույն հնարավորություն տված վարչապետին»։ Ըստ Մինասյանի՝ Արդարադատության նախարարության գծով հաջողվել է գերակատարել կառավարության ծրագիրը։
«Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ նաև այս վերջին երկու տարիներին շատ բան ենք արել: Կառավարության ծրագիրը մեր մասով՝ միջոցառումների քանակի և որակի առումով, գերակատարված է: Բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները որոշ ժամանակ անց բոլորս կվայելենք: Մարդիկ Արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին»,- գրել Մինասյանը։
Նա ընդգծել է, որ նախարարները քաղաքականություն մշակողներն են, ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը:
«Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք: Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»,- եզրափակել է Մինասյանը։
«Հրապարակ»-ին ՔՊ-ից հայտնել էին, որ Մինասյանի հրաժարականի նախաձեռնությանը տակ ստորագրել էր խմբակցության 71 պատգամավորներից 27-ը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել էր Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել էր իր բոլոր խնդրանքները:
Մինասյանն Արդարադատության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։