Դատարանն առանձնապես խոշոր թմրաշրջանառության համար 5 անձի կալանքի է ենթարկել, 2-ին՝ տնային կալանքի, իսկ 1-ի հանդեպ կիրառել բացակայելու արգեքը, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչն Իրանի քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
«Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի ձեռք բերված թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրից մինչև Երասխ ընկած հատվածի տարբեր թաքստոցներում»,- հայտնել է ՔԿ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ քաղաքացին դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և լուսանկարները բջջային տարբեր հավելվածների միջոցով փոխանցել է իրանցուն, ով, իր հերթին, դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։
Նույն օրն ԱԱԾ-ն նրան ձերբակալել է և հայտնաբերել փոխկապակցված ևս 7 անձի։ Բացի այդ, տարբեր թաքստոցներում հայտնաբերել են շուրջ 10 կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։
Սիսիանի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):