Սահմանադրական դատարանի անաչառությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը տեղին չէ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը սահմանազատող հանձնաժողովների գործունեության կանոնակարգի սահմանադրականությունը ճանաչելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 30-ին փաստաբան Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգման վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է Հայաստանի հրաժարվելն Արցախի հարցից։ Մելոյանը նշել էր, որ ՍԴ-ն այս որոշմամբ հրաժարվել է Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված մի շարք սկզբունքներից, մասնավորապես՝ Արցախի խնդրից։
«Բազմաթիվ դեպքեր և օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքն ու քաղաքական մթնոլորտը ՍԴ որոշմամբ հակառակ պատկերն են ունեցել։ Մենք այն մարդկանց հետ քննարկելիս, որոնք զբաղվում են քննարկումներով, նախապես նայում ենք, որ այնպիսի բան չլինի, որը կհակասի Սահմանադրությանը»,- նշել է նա։
Սիմոնյանը պարզաբանել է, որ Ադրբեջանն այլևս որևէ հիմք չունի պնդելու, որ Հայաստանի սահմանադրությունն իր նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ նշված է, որ դա ավելի վեր է լինելու, քան մնացած բոլոր իրավական փաստաթղթերը»,- պարզաբանել է Սիմոնյանը։
Նա հայտարարել է Հայաստանի իշխանությունների հաշտության պատրաստակամության մասին՝ միաժամանակ չբացառելով, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չստորագրելու նոր պատճառ կգտնի։
«Չեմ բացառում՝ օրեր անց, երբ կփարատվի այդ խոսակցությունը, որն, ըստ իս, միջազգային կառույցներում մարդիկ արդեն հասկացել են և Ադրբեջանն էլ արդեն պետք է այդ մեսիջներն ստացած լինի, որ Սահմանադրության վերաբերյալ իրենց պնդումը շատ անհիմն է, վաղը, մյուս օրը մի նոր պատճառ կգտնեն: Բայց մենք մեր աշխատանքն առաջ ենք տանելու, որ խաղաղության պայմանագիրը իրականություն դառնա»,- եզրափակել է ԱԺ նախագահը։
Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Օգոստոսի 30-ին Բաքուն և Երևանը ստորագրել էին կանոնակարգը, սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր փաստաթուղթը։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել էր խաղաղության պայմանագիր կնքելու համար Սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորության մասին, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանի հիմնարար օրենքին։