Բաքվում ապօրինի պահվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ֆրանսիական Le Point-ին պատմել է հոր նկատմամբ իրականացվող խոշտանգումների մասին։
Նա հավելել է, որ միջազգային փաստաբաններին չեն թույլատրում այցելել Վարդանյանին։
«Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում»,- հայտնել է Վարդանյանի որդին։
Նա տագնապի ազդանշան է հնչեցրել և միջազգային հանրությանը խնդրել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսին ընդառաջ հայ գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
«Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ն ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP-ին՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրել Բաքվի վրա»,- ասել է նա։
Վարդանյանը հայտնել է, որ հոր դատավարությունը պետք է անցկացվի հոկտեմբերին, թեպետ որևէ երաշխիք չունեն, որ այն չի հետաձգվի։
«Սովորաբար, արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը»,- հավելել է նա։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Բացի Վարդանյանից, նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։
2023 թվականի դեկտեմբերին Փարիզի քաղաքապետը և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։