«Քաղաքացիական պայմանագիրն» Արդարադատության նախարարի թեկնածուի անունտ կհայտարարի որոշում կայացնելուն պես, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես է արձագանքել Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին Արդարադատության նախարար նշանակելու լուրերին։
«Խմբակցությունում քննարկումներ են ընթանում, որոնց ընթացքում անուններ են հնչում, առանց դրա հնարավոր չէ քննարկել թեկնածուներին։ Քննարկումների ավարտից և ամփոփումից հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ և կհայտարարենք թեկնածուին»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է նա։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար: Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել արդարադատության նախարարին:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էր, որ Մինասյանի հրաժարականի պատճառը կարող էր լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահանջը չկատարելը: