Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները, տեղեկացրել է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։
«ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին»,- հայտնել է խոսնակը։
ԲԴԽ-ն բավարարել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն հայտարարելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը մայիսի 31-ին արդարացրել էր Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով, որով նրան մեղադրում էին պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
Սարգսյանի գործը վերաբերում էր վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: 3-րդ նախագահին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը)։
Նույն հոդվածով անցնում էին «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Դատարաը նրանց նույնպես արդարացրել էր։