Երևանի Դավթաշեն թաղամասում 45 ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տուն հասցեի հարակից հատվածում բարդի տեսակի թվով 45 ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով-խմբ․)»,- մանրամասնել է ՔԿ խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան դիմաց կատարվել է դեպքի վայրի զննություն։
«Պարզվել է, որ ծառերը, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են համայնքապատկան հողատարածքում, կտրվել են նշված հասցեի բնակչի կողմից՝ բանվորների միջոցով։ Վերջինս կատարվածի առնչությամբ տվել է ցուցմունք։ Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն»,- եզրափակել է Աբրահամյանը։
Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էր, որ Փիրումյան փողոցում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ։ Ահազանգն ստանալուց հետո վարչական շրջանի աշխատակիցները և իրավապահները կանխվել էին հետագա ծառահատումը։
Հոկտեմբերի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր, որ բարդիները հատելու հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 մլն 590 հազար դրամ։