Դատարանը մերժել է Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով ձերբակալված ուսանող Հովհաննես Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը) կալանավորելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, «Հրապարակ»-ին հայտնել են կոմիտեից։
«Դատարանը միջնորդությունը մերժել է, և Փարսյանն ազատ է արձակվել»,- նշել են կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Հրապարակ»-ը հոկտեմբերի 4-ին գրել էր, որ մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով, որում ներգրավված է նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, իրավապահները ձերբակալել են ուսանող Փարսյանին և Վահե Պետրոսյանին (հայտնի է որպես Սոկոյի Վահե)։ Թերթը պարզաբանել էր, որ Պետրոսյանն զբաղվում է շինարարական բիզնեսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է։
Ըստ հրապարակման՝ ձերբակալված ուսանողները սովորել են համալսարանի հեռակա բաժնում, դասերի չեն հաճախել, սակայն կաշառքի դիմաց գնահատականներ են ստացել։
Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի էր բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտորը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու և պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։