Անհայտ անձը կոտրել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու նվիրատվության արկղը և այնտեղից գումար հափշտակել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ հանցագործը եկեղեցի է մտել բաց պատուհանից հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նա մետաղյա ձողերով կոտրել է տուփի փականը։
Ժամը 07:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել եկեղեցու քահանա 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և հաղորդում տվել հանցագործության մասին։ Ոստիկանությունը գործի նյութերը հանձնել է Քննչական կոմիտեին, ասվում է հաղորդագրության մեջ։