Գլխավոր դատախազությունը պահանջել է հօգուտ ՀՀ-ի անշարժ գույք, պարտատոմսեր և ֆինանսական այլ ակտիվներ բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից և հարսից՝ Զարուհի Բադալյանից, Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազությունը պահանջել է բռնագանձել 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, «իրավաբանական անձ»-ում 11 մասնակցություն։
Դատախազությունը պահանջել է նաև 1,4 մլն դոլարով և 985 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 703 հազար դոլարի և 200 մլն դրամի չափով ներդրված ավանդ, 8 մլրդ դրամի, 4 մլն դոլարի, շուրջ 589 հազար եվրոյի և 16 միլիոն ռուբլու չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք, 2,8 մլրդ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, 11 մլրդ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար։
Դատախազությունից նշեցին, որ բռնագանձման է ներկայացրել նաև 1 մլրդ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու «Անո Մերա» կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, 416 մլն դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք և շուրջ 2 մլրդ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք: