Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի անձնակազմն «անառակաբարո արարք կատարելու» մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելու փաստը կապել է տնօրենին աշխատանքից ազատելու՝ իշխանությունների մտադրության հետ։
Դպրոցի ուսուցիչների խոսքով՝ նոր տնօրեն կարող է նշանակվել դպրոցի աշխատակիցներից մեկը, այլ ոչ դպրոցի աշխատանքից հեռու և անտեղյակ անձ։
Դպրոցի աշխատակիցները պատմել են, որ իրենց տվյալներով՝ տնօրենի պաշտոնակատարի թեկնածուի կարգավիճակում շրջանառվում է Քրիստինե Դումանյանի անունը, որի ամուսինը, ըստ նրանց, ԱԱԾ-ի աշխատակից է։
«Պատճառը, թե ինչու այսօր մեր տնօրեն Անահիտ Վլադիմիրովնան (Խոսրովյան- խմբ․) տնօրեն չէ, բոլորդ գիտեք, որովհետև վարչական աշխատակազմի տարիքային խումբը սահմանափակում ունի (66 տարեկան): Հիմա լսել եմ, որ դպրոցին անծանոթ մեկին բերում են տնօրեն: Մենք ունենք մեր թեկնածուն, որը բոլոր կետերով համապատասխանում է ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար։ Պատճառն ի՞նչն է և ինչո՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն»,- ասել է դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը։
Նա նշել է, որ անհանգստություններ ունեն նոր տնօրենի նշանակման հետ կապված։
«Եթե 70-ից ավել մանկավարժական կոլեկտիվ կա, ինչո՞ւ պետք է դրսից ինչ-որ մեկը գա։ Միթե մեր մեջ արժանի մարդ չկա, որ այդ տեղն զբաղեցներ»,- ասում է Ոսկանյանը։
Դպրոցի լոգոպեդ Նաիրա Մխիթարյանը լրագրողներին ասել է, որ դպրոցի աշխատակիցներն ակնկալում էին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում, սակայն որևէ մեկն իրենց չի այցելել։
«Շատ լավ կլիներ, որ մեզ հետ հանդիպեին, զրուցեին, հարցնեին մեր կարծիքը։ Չէ՞ որ ժողովրդավարական երկիր ենք, պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Բոլորը գիտեն, որ դպրոցում հիանալի մթնոլորտ է, երբեք քաղաքականացված չենք եղել, բոլո՛րը գիտեն դրա մասին»,- ասել է նա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որն այդ ժամանակ լրագրողների հետ դպրոցի տարածքում էր, ասել է, որ ԱԱԾ-ի ձերբակալությունը նպատակ ուներ դպրոցում անկառավարելիության պատրանք ստեղծել, որը բերելու է դպրոցի հետ կապ չունեցող, իշխանությունների համար ֆավորիտ թեկնածուի նշանակմանը։
«Հետագայում մրցույթն անցնելը և տնօրեն նշանակվելը լինելու է տեխնիկական հարց: Ավելին ասեմ՝ նման իրավիճակում է գտնվում Երևանի շուրջ 40 դպրոց, որտեղ տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են: Փորձում են դա էլ դարձնել իրենց մերձավորների համար կարիերայի, առաջընթացի և բարձր պաշտոնների հնարավորություն: Ես ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ դա կարող է կապ ունենալ առաջիկա ընտրական գործընթացների հետ, քանի որ ընտրությունները, հիմնականում, դպրոցներում են տեղի ունենում»,- ասել է Սուքիասյանը։
Նա նշել է, որ իրենց խմբակցությունը հարցը բարձրացնելու է ավագանու՝ հոկտեմբերի 15-ի նիստում։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել էր հոկտեմբերի 11-ին։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատարանը ձերբակալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշխատակցին՝ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։
Ավելի ուշ համացանցում տարածվել էր ենթադրյալ ձերբակալության տեսանյութը, որտեղ դպրոցի աշխատակիցն աշակերտների ներկայությամբ իրավապահների կողմից բերման էր ենթարկվում։