«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներգրավված է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող կաշառքի գործում, տեղեկացել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով` Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի նա 300,000 դոլար կաշառք է ուզել՝ Հայաստանից «առանց խոչընդոտների» մանր եղջերավոր անասուններ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու համար։ Թերթը նշել է միայն ցուցմունք տվողի անունը՝ Աշոտ, այլ տեղեկություններ չի հայտնել։
Աշոտին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը։
Ըստ թերթի՝ Աշոտն իրավապահներին պատմել է, որ 300,000 դոլար կաշառքը չեն կարողացել տալ պատգամավորին, պայմանավորվել են 100,000 դոլարի շուրջ։ Հանդիպել են նրան ԱԺ հարակից զբոսայգում, 20,000 դոլար առաջարկել, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե պայմանավորվել էին 100 հազար դոլար, ինչո՞ւ են քիչ բերել, և գումարը րւ վերցրել»: Նա Աշոտին առաջարկել է՝ «կգնաք, կավելացնեք նոր կգաք»։
Աղազարյանը թերթին ասել է, որ քննությունն ամեն ինչ կպարզի։ Նա հերքել է կաշառք ուզելու կամ վերցնելու փաստը՝ նշելով, որ նման խոսակցություն տեղի չի ունեցել, հետևաբար՝ ձայնագրություն նույնպես չի կարող լինել։ Աղազարյանը նշել է, որ դա, հավանաբար, Աշոտի ու իր անմիջական ծանոթ Սլավիկի ներքին վեճերի հետևանքն է։
«Դա իրենց մեջ ինչ-որ ներքին խժդժություն է. քննությունը կպարզի, բնականաբար, հո ասելով չէ՞, որ Աղազարյան Հովիկն այդքան կաշառք է ուզել»,- եզրափակել է պատգամավորը։