Դատարանը կալանքի է ենթարկել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակչին՝ ոսկյա շղթայի համար մորաքրոջ որդուն սպանելու համար, հայտնել է ՔԿ-ն։
Տղամարդը մեղադրվում է ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (Սպանություն՝ շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 20 տարի ժամկետով) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն և կողոպուտ՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):
Ըստ ՔԿ-ի՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդն այցելել է մորաքրոջ որդուն՝ նպատակ ունենալով սպանել նրան և հափշտակել ոսկյա շղթան, որը նա նկատել էր վերջինիս պարանոցին։
Քննության տվյալներով՝ տղամարդը մուրճով հարվածել է ազգականի գլխին, ապա դանակով կտրել նրա պարանոցին 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի մասը։ Թողնելով հանցագործության զենք հանդիսացող մուրճն ու դանակը դեպքի վայրում՝ նա հեռացել է և զարդի մի մասը վաճառել Երևանի առևտրի կենտրոններից մեկում՝ 65,000 դրամով։