Քննչական կոմիտեն բացահայտել է հոկտեմբերի 14-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում կատարված տղամարդու սպանության դեպքը, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հայտարարության՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչն իր Mercedes C 180 մեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36-ամյա բնակչին:
Արգավանդի խաչմերուկից դեպի Իսակովի պողոտա տանող կամրջի մոտ նրանք վիճաբանել են փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ լինելու շուրջ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին։
Նրանց վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում ուղևորը հարվածել է վարորդի արմունկին և փորձել է դիմել փախուստի։ Վարորդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, նշված է հայտարարության մեջ:
41-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը մինչև 15 տարի ժամկետով), հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։