Վարչական դատարանը բավարարել է հայցն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա պարզաբանել է, որ գերատեսչությունը 7-րդ դասարանի «Հայ ժողովրդի պատմության» երկու դասագիրք էր երաշխավորել: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․ Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, մյուսը՝ հանրային քննարկման առարկա դարձած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը։
«Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչներն այդ երկու դասագրքից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է դիմել: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը»,- գրել է փաստաբանը։
Այս որոշման դեմ Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել Կարին Տոնոյանի ղեկավարած «Հայ ասպետ» դպրոցը և փաստաբաններ Սիմոն Բաբայանն ու Մանե Կարապետյանը։ Հոկտեմբերի 15-ին դատարանը՝ դատավոր Լիլիթ Մադոյանի նախագահությամբ, բավարարել է հայցը։
Զոհրաբյանի խոսքով՝ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Փետրվարի 27-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց էր ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով գործածությունից հանել Հովհաննիսյանի դասագիրքը։
Իշխանությունները դասագիրքը ներառել էին դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել էին դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։
Դասագիրքը քննադատել էին նաև Armenia Today-ի հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։
Հուլիսի 11-ին կառավարությունը որոշել էր անվանափոխել «Հայոց պատմություն» դպրոցական առարկան «Հայաստանի պատմություն»։