ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, անցնում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ 2023-ին հարուցված քրեական վարույթով, տեղեկացել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Քննչական կոմիտեն արգելանք է դրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենայի վրա։
«Ժողովուրդը» հիշեցրել է, որ 2023-ի օգոստոսին վարույթի նախաքննությամբ ՔԿ-ն պարզել էր, որ Տ.Հ.-ն (Տիգրան Հովհաննիսյան, «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր, կալանավորվել է 2023-ին-խմբ․), հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար, համաձայնության էր եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, նա համաձայնության էր եկել իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ՝ պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի 50% գումարը մնալու էր իրեն, որը կլիներ նրա օգուտը, մյուս 50% տրվելու էր ֆիզիկական անձանց:
Համաձայնության շրջանակներում, ըստ ՔԿ-ի, ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել էր շուրջ 8447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել էր ԵԱՏՄ անդամ երկրներ, և դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել էին գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։ Նախաքննությամբ ավտոներկրող ընկերությունների վերաբերյալ վարույթով պետական բյուջե էր վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3 մլրդ. 491 մլն. դրամ։
ՔՊ պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին հոկտեմբերի 15-ին՝ Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթը հավելել էր, նա դա փորձում է անել դա այլ պատգամավորների օգնությամբ։ ԶԼՄ-ն Քյարամյանի կոշտ արձագանքը կապել էր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի՝ իր հասցեին ուղղված ռեպլիկի հետ, որն ասել էր՝ «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»:
Civilnet-ն ապրիլին գրել էր, որ Արարատի քաղաքապետարանն Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ «Շին կորտ» ընկերությունից քաղաքապետ Ասլան Ավետիսյանի համար 45,000 դոլարով ծառայողական մեքենա էր ձեռք բերել։ Ըստ աղբյուրի՝ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրն այնպես էին գրել, որ անպայման ձեռք բերվեր էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։