Ադրբեջանական դատարանը երկարացրել է օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թե որքան ժամանակով է երկարաձգվել կալանքը, հստակեցված չէ։
Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։