Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պահանջել է պարզաբանել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը, հայտնել է Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Խաչատրյանին երկու տարի է՝ Հայաստանի դատական իշխանությունը թույլ չի տալիս վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները 2024-ի հունվարին դիմել էին ՄԻԵԴ։
«ՄԻԵԴ-ը պահանջել է հիմավորել, թե որքանո՞վ է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի՞ հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի ու արժանապատվության հիմնարար իրավունքները»,- հոկտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանում Խաչատրյանի գործով դատական նիստի ընթացքում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Սարգսյանը դատարանին միջնորդել է թույլատրել Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր:
«Նախորդ անգամ ՄԻԵԴ-ի որոշման արդյունքում փոփոխվեց միայն Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»,- ասել է պաշտպանը։
Խաչատրյանին 2019-ի օգոստոսին մեղադրանք էին առաջադրել պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Նա չի ընդունում մեղադրանքները։ Գործով անցնում է նաև ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:
2020-ի հոկտեմբերի 29-ին Խաչատրյանին գրավի դիմաց ազատ էին արձակել։ 2020-ի դեկտեմբերին դատարանը Խաչատրյանին թույլ չէր տվել վիրահատության նպատակով Գերմանիա մեկնել։