Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արարատի մարզում TEMSA BG 124 H մակնիշի ավտոբուսից երեք ուղևորի վայր ընկնելու դեպքի առթիվ, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, առավելագույն պատիժը՝ ազատազրկում երեք տարի ժամկետով)։
Ըստ ՔԿ-ի՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամրջի վրա։
ՔԿ-ի տվյալներով՝ Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 ուղևոր, Երևան քաղաքից մեկնել են Վայոց ձորի մարզ՝ էքսկուրսիայի: Երևան վերադառնալիս ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը դեռևս չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև մոտ գտնվող ծնողներից մեկն իրար հետևից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։
«Ստացած մարմնական վնասվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է»,- հավելում են ՔԿ-ից։