Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով Երևանի 36-ամյա բնակիչ է ձերբակալվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ նա ժամը 23:07-ին մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք և դրսևորել ագրեսիվ վարքագիծ։
«ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից, որ անհայտ քաղաքացին բենզատար մեքենան կայանել է Հանրապետության Հրապարակի կենտրոնում, ապա՝ դիմել փախուստի: Միաժամանակ հաղորդում է ստացվել ոստիկանությունից առ այն, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ։ Քաղաքացին հայտնաբերվել է և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում կայանված է եղել «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար մեքենա։ ՔԿ-ում պարզել են նաև այն ընկերությունը, որին պատկանում է նշված բենզատարը (լուսանկարում բեռնատարի վրա «Մուլտի Գրուպ» ընկերության տարբերանշանն է-խմբ․)։ Նշվում է, որ բենզատարի պահոցում բենզին չի եղել:
«Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 36-ամյա տղամարդը մուտք է գործել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։ Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում՝ ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է։ Հետո նա մուտք է գործել դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ, չենթարկվելով ոստիկանության ծառայողի հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը։ Նա պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո րան վնասազերծել են»,- հավելել են ՔԿ-ից։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք։
Դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին (ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 ժամկետով), 264-րդ հոդվածի 1-ին (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 ժամկետով) և 297-րդ հոդվածի 1-ին մասերով (խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 ժամկետով)։