Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարներ Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանը մեկնաբանել են հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔԿ նախագահի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած վեճից հետո դատախազության նախաձեռնությամբ քրեական վարույթի հարուցումը:
Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն սկզբում գտել է, որ քրեական վարույթ հարուցելու հիմքեր չկան: Նա պարզաբանել է, որ կոմիտեն որոշել էր սեփական նախաձեռնությամբ ՔԿ նախագահի հայտարարության հիման վրա վարույթ չհարուցել, և միայն դատախազության հանձնարարականից հետո է վարույթ նախաձեռնել։
«Վարույթ նախաձեռնելու առիթ պետք է լինի։ Այսինքն, պետք է լինի համապատասխան հաղորդում։ Այս դեպքում մենք հաղորդում չենք ստացել և վարույթ չենք նախաձեռնել, քանի որ դրա համար քննիչը հիմքեր չի գտել։ Մենք որոշել ենք սեփական նախաձեռնությամբ վարույթ չհարուցել ՔԿ նախագահի հայտարարության հիման վրա, և միայն դատախազության հանձնարարությունից հետո ենք վարույթ հարուցել»,- պարզաբանել է նա լրագրողներին։
ՔԿ նախագահը կոռեկտ չի համարել մեկնաբանել ՔՊ-ական պատգամավորի որդու գործին միջամտելու մասին իր հայտարարությունից հետո հարուցված քրեական վարույթը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ իրեն հարցաքննության չեն կանչել։
«Ինչ ասել եմ՝ հիմնավորված է փաստերով։ Բայց գոյություն ունի նախանաքննական մարմնում հարուցված գործ, և այս տեսանկյունից բացարձակ կոռեկտ չէ գնահատական տալը»,- ասել է Քյարամյանը, որը չի բացահայտել այն անձանց անունները, ովքեր Աղազարյանի որդու հարցով զանգահարել են իրեն։
Քյարամյանը նշել է, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խոսել։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն իր հերթին պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից ետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։
Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։