Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ պայթեցրել են իրեն պատկանող ավտոտնակը, որտեղ կայանված էր որդու ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենան:
Գերատեսչության տվյալներով՝ Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են վատ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56-ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:
Ըստ ՔԿ-ի՝ 56-ամյա բնակիչը պայթուցիկ նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն։ Արդյունքում՝ վնասվել են ավտոտնակը, կայանված ավտոմեքենան, քաղաքացուն պատճառվել է 4,5 մլն դրամի վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, պատժվում է ազատազրկամամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) հատկանիշներով։
ՔԿ-ն հավելել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: