Հոկտեմբերի 31-ին հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված «Սրբազան պայքար» շարժման 9 ակտիվիստ նոյեմբերի 1-ին ազատ է արձակվել, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից։
Ձերբակալվածերի թվում էին Աղվան Արշակյանը, Հայկ Նիկողոսյանը, Արա Մկրտչյանը, Վիգեն Ազատյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը և Արտեմ Խառատյանը։ Ավետիսյանը Հարվարդի համալսարանի մագիստրոս է, հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ։ Նա իրեն ձերբակալելը «քաղաքական բռնաճնշում է» անվանել ու հայտարարել, որ «խուզարկությամբ իր մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել»։
Հոկտեմբերի 31-ին «Սրբազան պայքար» շարժման էջում տեղեկություն էին տարածել, որ «օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով», ձերբակալել են շարժման 9 ակտիվիստի։ Շարժման էջում հայտնել էին, որ հաղորդում են ներկայացնելու «օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ»։
Շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ի երեկոյան ցույց էին անցկացրել Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) դիմաց՝ պահանջելով ազատել ակտիվիստներին։