Բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով հանցավոր խումբը հափշտակել է շուրջ 65,000 դոլար և շուրջ 11 մլն ռուբլի, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ խմբի ներկայացուցիչները սոցիալական տարբեր հարթակներում տեղադրել են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ։
Հանցագործների կողմից տուժած քաղաքացիները, տրվելով առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը, կապ են հաստատել այդ անձանց հետ և առևտրի կենտրոնում տաքսու վարորդների միջոցով փոխանակման գումարը փոխանցել են, սակայն արժույթի դիմաց գումարը չեն կարողացել ստանալ։
«Հանցավոր խումբն առաջարկել է մոտենալ «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։ Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չեն կարող անձամբ ներկայանալ, քաղաքացիներին խնդրել են գումարը փոխանցել իրենց մտերիմին, ով կկատարի տարադրամի փոխանակում և փոխանակված գումարը հետ կվերադարձնի»,- հայտնում է ՔԿ-ն:
Միևնույն ժամանակ՝ խաբեբաները կապ են հաստատել տաքսու վարորդների հետ, բարձր վճար խոստացել և խնդրել են գալ «Ռիո մոլ»՝ հանդիպելու օտարերկրյա հյուրերի և նրանց տեղափոխել Երևանի հյուրանոցներից մեկը կամ «Զվարթնոց» օդանավակայան։
«Վարորդներին ուղղորդել են նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի, իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրել են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի: Վարորդին խնդրել են իրենց հյուրից վերցնել գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցել իրենց կողմից մատնանշած անձին»,- ասվում է հաղորդագրությունում:
Վարորդի վայր հասնելուց հետո տուժածներին խնդրել են նստել տաքսի, իսկ վարորդներին՝ տուժողից գանձել գումարը և այն փոխանցել առևտրի կենտրոնում գտնվող երրորդ անձանց։ Նրանք վարորդներին ասել են, որ այս գումարը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու վճարն է։
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցել են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, ովքեր, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխել և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցել են այլ անձի:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց, նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները, օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։