Նոյեմբերի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով պայքարել ապօրինի ձերբակալությունների դեմ։
Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, իրենց բողոքն են արտահայտել «Սրբազան պայքարի» 9 ակտիվիստի ձերբակալության վերաբերյալ։ Ակտիվիստներին նոյեմբերի 1-ին ազատ էին արձակել։
Հարվարդի համալսարանի մագիստրոս, հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, որին ևս ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, լրագրողներին հայտնել է, որ իրավապահների գործողությունները «բռնաճնշումների օրինակ են»։
«Արդեն մի քանի օր է, որ թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ։ Նրանք օպօրինի զենք ունենալու շինծու մեղադրանքով 72 ժամով ձերբակալում են։ ՄԻՊ գրասենյակից նախորդ օրերին որևէ մեկը չի հետաքրքրվել այս գործողություններով, և միայն այսօր են հայտարարություն արել։ Մեզ մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ ՄԻՊ-ը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- լրագրողներին ասել է Ավետիսյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում պահանջեցին ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ, որին, իրենց խոսքերով, պետք է ուղերձ հղեին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանն ակցիայի մասնակիցներին ասաց, որ ՄԻՊ-ը կարող է իրենց հետ հանդիպել միայն առանց ԶԼՄ-ների ներկայության։ Ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին առաջարկի հետ, և հրապարակավ հայտարարեցին ՄԻՊ-ին ուղղված կոչը։
«Մենք եկել էինք հիշեցնելու, որ ՄԻՊ-ն անկախ գրասենյակ է, չի ենթարկվում կառավարությաը և հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Ուզում էինք ՄԻՊ-ին հիշեցնել, որ պետք է ծառայի ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ-ին, և պետք է պաշտպանի բռնաճնշումների ենթարկվող քաղաքացիների իրավունքները»,- հավելել է Ավետիսյանը։
Հոկտեմբերի 31-ին «Սրբազան պայքար» շարժման էջում տեղեկություն էին տարածել, որ «օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով», ձերբակալել են շարժման 9 ակտիվիստի։
Շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ի երեկոյան ցույց էին անցկացրել Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) դիմաց՝ պահանջելով ազատել ակտիվիստներին։
Նոյեմբերի 1-ին ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ հոկտեմբերի 31-ին հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվածներն ազատ են արձակվել։ ՄԻՊ-ից հավելել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մանրամասները՝ տեսանյութերում։