Արդարադատության նախարարությունը հաստատել է Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» ազգային փորձարարական արվեստի թատրոնի գործունեությունն 9 ամսով կասեցնելու անհիմն լինելը, հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։ Թատրոնն իր աշխատանքը կվերսկսի նոյեմբերի 4-ից։
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 29-ին թատրոնի անձնակազմն ակցիա էր իրականացրել՝ պահանջելով դատարանից արագ քննել այն բողոքները, որոնք թույլ կտան թատրոնին վերսկսել աշխատանքը։ Դերասանները դեմ են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյը» միացնելու մշակույթի նախարարության որոշմանը։
Անձնակազմը 2024-ի հունվարին անվստահություն էր հայտնել «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, իսկ ավելի վաղ դիմել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության՝ թատրոնը լուծարելու և Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը։
2024-ի ապրիլին դերասաններն ակցիա էին իրականացրել ու հայտարարել էին, որ այս տարվա մարտի 24-ից չեն կարողացել օգտագործել իրենց հին անցագրերը շենք մտնելու և աշխատանքը շարունակելու համար։