Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել օրենքների փաթեթ, որով սահմանվում են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին ու նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգեր, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ օրենսդրական այդ նախագիծը խորհրդարան է ուղարկվել հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի վիճաբանությունից տասն օր անց։
Նախագիծը հիմնավորել են այն հանգամանքով, որ գործող օրենսդրությամբ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին և նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կարգավորված չէ։
«Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումների ու իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները՝ որոշ բացառություններով, որոնց թվում քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալներն են։ Կառավարությունն առաջարկում է բացառությունների ցանկից հանել քննչական մարմինների ղեկավարներին և նրանց տեղակալներին»,- ասված է հրապարակման մեջ։
Նոր նախագծով քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարող են վարույթ հարուցել «նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա», իսկ «վարույթի արդյունքում ընդունած եզրակացության դեպքում ոչ թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պատիժ սահմանի, այլ կառավարությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետը»:
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ ԱԺ-ում պատգամավոր Աղազարյանի և ՔԿ նախագահի վեճի պատճառն այն քրեական գործն է, որով անցնում է Աղազարյանի որդին։ Խոսքն «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ հարուցված գործի մասին էր։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։