Հաագայի դատարանին անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու ՀՀ հանձնառությանը, ըստ այդմ գործադիրը հավանություն է տվել «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կողմից Հաագայի կոնվենցիաների վավերացումը և, համապատասխանաբար, դատարանին անդամակցումը, կարևորվում է միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Անդամակցումը կարևորվում է նաև Հայաստանի՝ տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ:
«Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո: Ըստ այդմ՝ դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից: Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կհանգեցնի փոփոխությունների, հայտնում է կառավարությունը։