Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 5-ին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում աշխատող մատուցող, որը թմրամիջոցը ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40-ամյա բնակչից։
Ըստ ՔԿ-ի՝ 40-ամյա տղամարդն Իրանի՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, որն էլ իրացրել է իր գործընկերոջը։ 40-ամյա տղամարդու աշխատավայրում և բնակության վայրում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոց։ Նա ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։