Արտաշատում անչափահասի և 46-ամյա տղամարդու սպանության վարույթով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն Արտաշատ քաղաքի 46-ամյա բնակչին, վերջինիս որդուն, եղբորորդուն, 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապանությանը հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 20 տարի ժամմկետով) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)։
Վարույթով 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում` 5 տարի ժամկետով) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)։
Նախաքննության տվյալներով՝ նոյեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի 46-ամյա բնակիչը զանգահարել է 45-ամյա համաքաղաքացուն և առաջարկել հանդիպել մինչ այդ նրանց զավակների միջև տեղի ունեցած վիճաբանության հարցով։
«Նույն օրը երեկոյան 46-ամյա տղամարդը որդու, եղբոր, վերջինիս որդու, նույն քաղաքի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ ավտոմեքենաներով, որսորդական հրացանով զինված, սուր կտրող-ծակող առարկաներով, փայտե մահակներով գնացել են 45-ամյա տղամարդու տան հարակից հատված՝ պարզաբանումներ կատարելու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ 46-ամյա տղամարդն ու նրա հանցակիցները ծեծի են ենթարկել 45-ամյա տղամարդուն։ Ծեծել են նաև նրա անչափահաս որդուն։ Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը կտրող գործիքով հարվածել է տղայի մեջքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Ի պատասխան՝ տղայի հայրը կրակ է բացել 46-ամյա տղամարդու և նրա եղբոր ուղղությամբ, որի հետևանքով 46-ամյա տղամարդը մահացել է։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 5 աձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։