Յոթ անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փ․ Յ-ին (Փայլակ Յայլոյան-խմբ․), հափշտակություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել, վարույթների նյութերն ուղարկվել են դատարան, հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչությունը պարզել է, որ նախկին տնօրենը 2008թ. մարտից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Մետրոպոլիտենի այլ աշխատակիցների, այդ թվում՝ իր որդու հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուկայականից ցածր գնով առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող Երևանի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկը։
ՔԿ-ի տվյալներով՝ գույքն օտարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա։
«Գույքի իրական շուկայական արժեքը կազմել է շուրջ երկու անգամ ավելի՝ 194 880 000 դրամ: Գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106 850 050 դրամը: Նախկին տնօրենի որդին, օգտվելով դասական աճուրդի անցկացման կարգով սահմանված այն կանոնից, որ աճուրդով չվաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը նվազում է, կայացած առաջին և երկրորդ աճուրդներին միտումնավոր մասնակցության հայտ չի ներկայացրել և միայն երրորդ աճուրդի ժամանակ 75 393 360 դրամով գնել է նշված անշարժ գույքը»,- նշել են ՔԿ-ում։
Նշվում է, որ Յայլոյանը և որդին որոշել են հափշտակել ՓԲԸ-ի՝ նշված նկուղային հարկի 60 քմ. տարածքի օգտագործման դիմաց վարձավճարների տեսքով ստացված դրամական միջոցները:
«Արդյունքում՝ մինչև 2020թ, մարտ ամիսը ՓԲԸ-ի միջոցներից անհիմն տնօրենի որդուն է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 7 104 000 դրամ գումար»,-ասված է հրապարական մեջ։
Իրավապահները նաև պարզել են, որ Յայլոյանը որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլավոր ինժեներ Ա.Ս.-ի ԱՁ-ի հետ պայմանագիր է կնքել և ծառայությունների դիմաց շուկայականից բարձր գին է վճարել։
«Յայլոյանի հրահանգով Մետրոպոլիտենի բանկային հաշվեհամարից Ա․Ս-ի կողմից բացված ԱՁ-ի բանկային հաշվեհամարին է փոխանցվել 57 000 000 դրամ այն դեպքում, երբ Մետրոպոլիտենը աշխատանքների և ապրանքների ձեռք բերման համար կարող էր ծախսել12 495 000 դրամ»,- ընդգծել են ՔԿ-ում։
Ի թիվս այլ դրվագների՝ ՔԿ-ն պարզել է, որ Մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ, որոնք ընդունվել են համապատասխան աշխատակիցների կողմից: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։
Մետրոպոլիտենի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ), (գույքի հափշտակություն՝ առանձնապես խոշոր չափերով,առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը խոշոր չափերով հափշտակելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
Նախկին տնօրենի որդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
Անշարժ գույքը գնահատող մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (hամակարգչային հափշտակությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Քաղաքապետարանի պաշտոնատար անձին, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենին և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով), իսկ օդաճնշակներ մատակարարող ՍՊ ընկերության տնօրենին՝ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):