Թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդի Վարուժան Խոջումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու անդամ Պարգև Գևորգյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Խոջումյանը Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատանքների գծով պատասխանատուն է, ՔՊ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
Ըստ կայքի՝ Խոջումյանի մոտ հայտնաբերվել է 2,1 գրամ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:
Խոջումյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործման նպատակով։
Նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով 13,000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Գևորգյանի ավտոմեքենայի մեջ: