Նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան 19 հասցեում, որտեղ Ազգային ժողովի շենքն է, քաղաքացին սպառնացել է բենզինով հրկիզել իրեն, Armenia Today-ին հաստատել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Ժամը 13։00-ի սահմաններում Բաղրամյան 19 հասցեին է մոտեցել տարեց քաղաքացի և հայտնել է, որ Գավառում ունի հողայի սեփականության հետ կապված խնդիրներ և քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա։ Նա ասել է, որ կհրկիզի իրեն և իր մոտ գտնվող պտուտակահանը կմտցնի կոկորդը»,- հավելել են ՆԳՆ-ից։
Քաղաքացին ներկայացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին, կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, եզրափակել են ՆԳՆ-ից։
Նոյեմբերի 13-ին միջադեպի մասին գրել էր Armlur-ը։ Կայքի տեղեկություններով՝ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ․-ն է։