ՀՀ Քննչական կոմիտեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով դադարեցրել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Փաստաբանը մանրամասնել է, որ խոսքը 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնակի խոշոր չափերով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին (փաստաթղթեր կեղծելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) մասով հարուցված քրհետապնդման մասին է։
Շամիրյանը մեղադրվում էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Շամիրյանի տանն իրականացրած խուզարկությունից հետո իրավապահները ձերբակալել էին նրան։ Իրավապաշտպանը նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։
Մայիսի 24-ին Շամիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանքը։ Հուլիսի 25-ին դատարանն Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր վարչական հսկողությունը։