Հունիսի 11-ին Երևանում «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն 43-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35-ամյա Բ․ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթով երկու կազմակերպիչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հունիսի 29-ին ՔԿ-ն գործով 2 անձ էր կալանավորել և 2 անձանց հայտնաբերելու և ձերբակալելու որոշում էր կայացել։
Ըստ ՔԿ-ի՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ստեփանյանի և «Ֆազ» մականվամբ հայտնի Գրիգորյանի միջև անձնական հարցի շուրջ դեռևս 2018 թվականից ձևավորվել էին թշնամական հարաբերություններ:
«Գրիգորյանին կյանքից զրկելու նպատակով Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Ս. Գրիգորյանի հետ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն ու փամփուշտներ, այնուհետև Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, սպանել են Գրիգորյանին»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրավիճակն առավել լարվել էր 2020թ. դեկտեմբերին, որի պատճառն Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելն էր Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:
Ձևավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ստեփանյանը Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու պլան էր կազմել և այն իրագործել հունիսի 11-ին։
Նշվում է, որ Գրիգորյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգից առնվազն 20 կրակոց էր արձակել, որի հետևանքով Գրիգորյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ Սիմոնյանը՝ հրազենային բեկորային կույր վիրավորման ձևով վնասվածք:
ՔԿ-ից հավելել են, որ հանցանքը կատարելուց հետո Սահակյանը և Գրիգորյանն իրենց Opel Astra մակնիշի ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել էին փախուստի: Հատելով ՀՀ սահմանը՝ մեկնել էին ՌԴ: Սիմոնյանը և Գրիգորյանն անմիջապես տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ վերջինս րոպեներ անց մահացել էր:
ՔԿ-ն նաև պարզել է, որ Կուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Գրիգորյանի և Սահակյանի տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։ Հանցագործության կազմակերպիչները՝ Ստեփանյանը և Կուրեղյանը, հայտնաբերվել և ձերբակալվել են:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Չաղ Ռուստամի» և Կուրեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության հանցակից լինելը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։ Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է։
Սահակյանի և Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության հանցակից լինելը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության փորձ, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։ Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՔԿ-ն «Ֆազի» սպանության դեպքի առթիվ քրվարույթ էր նախաձեռնել հունիսի 12-ին։