Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և կալանավորել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը մանրամասնել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը՝ տնային կալանքը փոխարինելով կալանքով երկու ամիս ժամկետով։
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ նախկին քաղաքապետին ձերբակալելու որոշում էր կայացվել։ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել էր 2012-2021 թվականներին: 2021 թվականի նոյեմբերին քաղաքապետ էր դարձել Վարդգես Սամսոնյանը, ում թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: 2024թ․ հոկտեմբերի 28-ին Սամսոնյանը հրաժարական էր տվել։