ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկանում ենք նրա իր Ֆեյսբուքյան էջից։ Նա չի բացատրել հրաժարականի պատճառները՝ միայն նշելով, որ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել և հեռանում է առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության։
«Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել»,- գրել է նա՝ նշելով, որ իր որոշմամբ ցանկացել է առաջ ընկել «պաշտոննկությունների շրջանառվող շարքից»։
Անդրեասյանը նշել է, որ իր աշխատանքով դատական համակարգը դուրս է բերել «խայտառակ ճգնաժամից»:
«Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման)։ Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից»,- գրել է նա:
Պաշտոնյան նշել է, որ տարբեր կարգավիճակներում կշարունակի աջակցել լավագույն դատական համակարգի իր մեծագույն երազանքին:
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և իրավապահ մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից, իր համբերության բաժակը լցվել է և կայացնելու է որոշումներ։
Օգոստոսի վերջ ԶԼՄ-ները գրել էին, որ իշխանությունները մտադիր են ազատել Անդրեասյանին՝ «վերևից» տրվող հրահանգները կատարելուց հրաժարվելու պատճառով։ Ըստ թերթի՝ դեռևս հուլիսին են իշխանությունները ցանկացել նրան ազատել պաշտոնից, սակայն չեն կարողացել համապատասխան փոխարինող գտնել:
Հոկտեմբերի 1-ին իր ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո Անդրեասյանը նշել էր, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։
Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։