Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Պզո» մականունով Արմեն Ղազարյանին, Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Էդգար Արամյանը։
Ըստ նրա՝ դատարանը կայացրել է արդարացման վճիռ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):
ԳԴ մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ Դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը։
2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ղազարյանի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն:
Նույն թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ղազարյանը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը և 20 մլն դրամի գրավ։