Արցախի հայաթափումից հետո մոտ կես տարի Ստեփանակերտում մնալուց հետո ՀՀ տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատախազությանը։
Դատական ակտը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Հանրային մեղադրողն իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման: Նշվում է, որ դատախազությունը դատական ակտի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացնելու:
Գալստյանը կնոջ հետ Հայաստան էր տեղափոխվել ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ՝ մարտի 26-ին և ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից՝ լրտեսության մեղադրանքով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել մարտի 30-ին:
Հուլիսի 11-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գալստյանը 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ՝ 2020 թվականի նոյեմբերին կապ էր հաստատել օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների աշխատակցի հետ (Ադրբեջան-խմբ․), ստացել էր «Սարխան» ծածկանունը։
«2020-2023 թվականների ընթացքում հավաքել և ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին էր հանձնել Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումները»,- հայտնել էին կոմիտեից։