Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մտադրությունը: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով:
Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում Պողոսյանի նշանակման մասին նոյեմբերի 22-ին հայտնել էր «Ժողովուրդ» թերթը։
«Կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև մեկնաբանել է Պողոսյանի՝ հնարավոր կոռուպցիոն գործարքների հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները: Վարչապետը նշել է, որ ՔԿ նախագահի թեկնածուն 2020 թվականին նշանակվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար և նրա վերաբերյալ նման ահազանգեր ստացվել էին նաև այն ժամանակ, որից հետո իրավապահները «շատ խորն» ուսումնասիրել են տեղեկատվությունը, և այն հերքվել էր:
Փաշինյանը հավելել է, որ նույն ահազանգերը «վերակենդանացել են» Պողոսյանի՝ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո․ այդ ժամանակ ևս ստուգվել և հերքվել են։
«Հիմա տեսնում եմ, որ այդ ահազանգերը հրապարակային էլի կան։ Դրանք ևս մեկ անգամ կստուգվեն։ Քանի որ երկու անգամ շատ խորն ուսումնասիրության ընթացքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն և երբ որ հերքվեն՝ իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում, կդառնա իրականություն»,- հայտարարել է նա։
Նոյեմբերի 18-ին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ հրաժարական է տվել պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։