Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով հարցաքննության, գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ պատգամավորի որդու՝ Վահե Աղազարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին և վերաբերում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումներին։ Կայքի տեղեկություններով՝ Քյարամյանն իր ցուցմունքում նշել է, որ պատգամավորը երկու անգամ դիմել է իրեն որդու գործով։
«Աղազարյանի որդու գործով երկու անգամ վերաքննիչ բողոք է ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե, և երկու անգամ էլ հենց Հովիկ Աղազարյանն է դիմել»,- ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի ղեկավարի ցուցմունքը։
Նախաքննության ընթացքում նա հայտնել է, որ պատգամավորի որդին ավտոմեքենաների մեծ խմբաքանակ է ներմուծել Հայաստան, այնուհետև արտահանել՝ պետության կողմից օրենքի խախտմամբ ԱԱՀ-ի վերադարձ ստանալով։ Այս գործի շրջանակներում իրավապահներն առգրավել են Աղազարյանի որդու մեքենան, պարզաբանել է Քյարամյանը։
Քյարամյանի խոսքով՝ Աղազարյանը նախ դիմել է գործը վարող քննիչին, իսկ երկրորդ անգամ՝ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով, որ կալանքը հանեն որդու մեքենաներից։ Քննիչն ու Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը հարցումներ են ուղարկել Քյարամյանին, սակայն վերջինս մերժել է դրանք։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 21-ին Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահն ապացուցի, որ ինքը միջնորդել է որդու համար։
Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Նոյեմբերի 22-ին Փաշինյանը հայտարարել էր Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին նշանակելու մտադրության մասին։