Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին է վերադարձրել երեք անշարժ գույք, որոնք յուրացրել է՝ օգտագործելով իր լիազորությունները, հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ չնշելով համայնքի ղեկավարի անունը։
Համայնքին է վերադարձվել Շիրազի փողոցում շուրջ 55,5 մլն դրամ արժողությամբ հողատարածք և պահեստներ, նախկին կոլտնտեսության շենքը, ինչպես նաև նույն փողոցում գտնվող 759 հազար և 22 մլն դրամ արժողությամբ երկու հողամաս։
Ավշարի նախկին ղեկավարն այդ գույքը ստացել է 2001, 2005 և 2007 թվականներին կայացված որոշումների հիման վրա։ Դատախազը սեպտեմբերի 19-ին միջնորդություն է ուղարկել Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանուն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով քննվող քրեական գործի շրջանակներում որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
2020 թվականի դեկտեմբերին Ավշար գյուղի վարչակազմը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին ու բնակիչներին նույն պահանջով հանդես գալ։
1997 թվականից մինչև 2011 թվականը, ապա 2013 թվականից մինչև 2022 թվականի հունվար Ավշար համայնքը ղեկավարել է Սուրիկ Գրիգորյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նա չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ուստի 2022 թվականի մարտին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։