Նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացին նռնակով սպառնացել և հրաժարվել է տեղափոխել բուժհաստատություն, նրան ձերբակալել են, հայտնել է Քննչական կոմիտեն։
Իրավապահներին այդ մասին ահազանգել է տղամարդու մայրը։
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին: Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (հոգեկան ներգործությունը` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի գործադրմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
«Նախաքննության ընթացքում նռնակից բացի «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։