ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի՝ տրանսպորտի վարորդների գործադուլի վերաբերյալ հաղորդմանը, Armenia Today-ին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից։
Դեկտեմբերի 3-ին Գրիգորյանը հայտնել էր, որ նախաքննություն իրականացնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։
«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյոք պարզապես գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարմա՞ն հետ, թե՞ առանձին մարդկանց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրենց աշխատանքային պարտականությունների, այլև քրեական օրենսդրության սահմանը»,- ասել էր փոխքաղաքապետը։
Դեկտեմբերի 3-ի առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել և դուրս չէին եկել երթուղի՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները, ինչպես նաև բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ 32 վարորդ աշխատանքից ազատվել է։ Նա հավելել էր, որ աշխատանքից ազատման բոլոր դեպքերը կքննարկեն՝ չբացառելով դրանց վերանայումը։
Դեկտեմբերի 4-ին Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել էր։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։