Պետական վերահսկողական ծառայությունը (ՊԿԾ) ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետերի աշխատակազմերում ստուգումների ընթացքում հայտնաբերել է ավելի քան 4 մլն դոլարի խախտում։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգումները կատարվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ և վերաբերել են Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։
Ստուգումների արդյունքում Կոտայքի մարզպետի աշխատակազմում մոտ 1,07 մլրդ դրամի (ավելի քան 2,5 մլն դոլար) խախտումներ և անհամապատասխանություններ են հայտնաբերվել, իսկ Լոռու մարզպետարանում՝ 600 մլն դրամի (ավելի քան 1,5 մլն դոլար):
Ըստ հաղորդագրության՝ վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև ֆինանսական այլ գործառնությունների իրականացման նկատմամբ:
Ստուգումների արդյունքները զեկուցվել են վարչապետին և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։