Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ դիմելու հարց դատախազությունում այս պահին չի քննարկվում, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ մեկնաբանելով պատգամավորի փաստաբան Հակոբ Ճարոյանի հայտարարությունը, ըստ որի՝ դատախազն ԱԺ-ում առաջարկելու է Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից։
Դեկտեմբերի 17-ին Ճարոյանը 24News-ին ասել էր, որ «դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա՛մ կկալանավորեն, կա՛մ կենթարկեն տնային կալանքի»։
«Նման հարց դատախազությունում այս պահին չի քննարկվում»,- հավելել են դատախազությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։