Երևանում կեղծ լիազորագրերի օգտագործմամբ կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ մի խումբ անձանց կողմից ստեղծված հանցավոր կազմակերպության միջոցով։
Խմբի կազմում ներգրավված են Հ.Մ.-ն, Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ն, փաստաբան Ա.Ղ.-ն։
«2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հազար դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 000 դոլար: Այնուհետև Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է մեկ այլ կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել գույք, որի սեփականատերը մահացած է։ Արդյունքում՝ այդ գույքը Հ.Մ.-ն 40 մլն 450 հազար դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացած գումարից 31 000 դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցել է Ա.Ղ.-ին»,- ասված է ՔԿ հրապարակման մեջ։
2024-ի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):
Դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցների նկատմամբ՝ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):